mercredi 30 juillet 2014

ՏԻՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայ ականավոր թավջութակահար ՏԻՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆը ծնվել է Կոստանդնուպոլսում, 1881 թվականի ապրիլի 12-ին։
Երաժշտության մեջ իր առաջին քայլերը կատարել է քեռու, Հովհաննես Ազնաուրի հսկողության տակ, ավելի ուշ աշակերտել նաև պոլսաբնակ, իտալացի երաժիշտ Գուատելիին (Guatelli) ։
15 տարեկան հասակին որոշում է լիովին նվիրվել երաժշտությանը, հակառակ ծնողների կամքին, որոնք կնախընտրեին իրենց որդուն տեսնել դիվանագիտական կամ դատական ծառայության մեջ, դեսպան պապի օրինակով, կամ հոր Հովհաննես բեյի, որը Պոլսի առեվտրական պալատի դատավոր էր։։


***


  
Դրեզդենի երաժշտական
բարձրագույն դպրոցը

Ֆ. Գրյուցմախեր
Բոլոր պարագաներում, 1895 թվականին հրաժեշտ տալով ծնողներին, Տիրանը մեկնում է Գերմանիա և ընդունվելով Դրեզդենի երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն (Hochschule für Musik), դառնում է թավջութակի հայտնի ուսուցչապետ Ֆրիդրիխ Գրյուցմախերի աշակերտը։
Ուսումնառության առաջին իսկ օրերից Տիրանը, իր ուսուցչի երաշխավորությամբ ընդունվում է Յոհաննես Բրամսի ղեկավարած նվագախումբը, համատեղ ելույթներ ունենում նաև ոչ պակաս հռչակավոր, ջութակահար Յոզեֆ Յոախիմի հետ։
Միայն այն փաստը որ ընդամենը 17 տարեկանում նրան հրավիրում են ելույթ ունենալ իբրեև մենակատար Ռիխարդ Շտրաուսի թավջութակի և նվագախմբի համար գրված «Դոն Կիխոտ» մեծածավալ ստեղծագործությունում, հենց իրեն, հեղինակի ղեկավարությամբ, ինքնին վկայում է կատարողական արվեստում պատանի Տիրանի ձեռք բերած նվաճումների մասին։ 
Այդ տարիներին իր ձեռք բերած համբավի այլ գագաթնակետերն էին ելույթներն այնպիսի մեծությունների հետ ինչպիսին էին Արթուր Նիկիշը և Գուստավ Մալերը։


***

Նախախնամությունը շռայլ եղավ Տիրան Ալեքսանյանի հանդեպ կյանքի գերմանական շրջանում, արտիստի կայացման իր ճանապարհին վճռորոշ հանդիպումներ և համագործակցման եզակի հնարավորութուններ պարգևելով նրան Յ. Բրամսի, Յ. Յոախիմի, Ռ. Շտրաուսի, Ա. Նիկիշի, Գ. Մալերի և այլոց հետ։



***

Քսանամյա Տիրան Ալեքսանյանը 1901-ին, իր հարազատներին կարճ այցելություն տալուց հետո տեղափոխվում է Փարիզ, ուր համերգային ու մանկավարժական բեղուն գործունեություն է ծավալում մինչև 1937 թվականը, Միացյալ Նահանգներ մեկնելը։ 
Պաբլո Կազալս, Ալֆրեդ Կորտո, Ժան Հյուռե, Վանդա Լանդովսկա, Լազար Լեվի, Ջորջե Էնեսկու, Ալֆրեդո Կազելլա, ոչ լրիվ ցանկն է այն անունների որոնց հետ շփվել և համագործակցել է Ալեքսանյանը այդ տարիներին։ 

Կամիլ Սեն-Սանսը, Գաբրիել Ֆորեն, Կլոդ Դեբյուսին և այլ մեծ երաժիշտներ, որոնց կողմից գնահատված և սիրված է եղել Տիրան Ալեքսանյանը, իրենց ներկայությամբ պատվել են նրա համերգները։

Ջորջե Էնեսկու
Ալֆրեդո Կազելլա
Ռումինացի Էնեսկուի և իտալացի Կազելլաի հետ եռյակի (trio) կազմում Ալեքսանյանը համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ Այդ ժամանակների փարիզյան մամուլում հանդիպում ենք անդրադարձներ նաև Էնեսկու ջութակահարի և Ալեքսանյան թավջութակահարի ունեցած համատեղ այլ ելույթներին, մասնավորապես Բրամսի կրկնակի մրցանվագի (double concerto) կատարմանը։
Տիրան Ալեքսանյանը հանդիսացել է Ջորջե Էնեսկուի թավջութակի եւ նվագախմբի համար, op. 8 Sinfonia Concertante ստեղծագործության լավագույն մեկնաբանը, բազմիցս կատարել այն, ինչպես օրինակ, Փարիզում ՝ հեղինակի, իսկ Իսպանիաում ՝ Պաբլո Կազալսի խմբավարության ներքո։
Իրեն ժամանակակից երաժշտահանների գործերի անդրանիկ կատարումով հանդես գալու Ալեքսանյանի ստացած բազմաթիվ հրավերները և առաջարկները վառ օրինակներն են նրա գեղարվեստական հասունության եւ կատարողական բարձր մակարդակի։
Նշենք նրանցից մի քանիսը։
Այսպես, նույն Էնեսկուն Տիրան Ալեքսանյանին է վստահում իր, թավջութակի և դաշնամուրի համար գրված Երկրորդ, դո մաժոր Սոնատի առաջին կատարումը, որը կայանում է 1936-ի մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցած համերգի ընթացքին։ Իսկ հեղինակը, ինքը՝ հանդես է գալիս դաշնամուրի բաժինը կատարելով։  
Ժան Հյուռե
Էմանուել Մոոռ
1909-ի յունիս 15-ին Փարիզի Պլեյել դահլիճում կայացած Էմանուել Մոոռի (Emmanuel Moór) հեղինակային համերգի ընթացքին, Տիրան Ալեքսանյանը, երեք այլ թավջութակահարների՝ Անդրե Հեկկինգի, Ջոզեֆ Սալմոնի և Պաբլո Կազալսի հետ հանրությանն են ներկայացնում հունգարացի երաժշտի գործ թիվ 95, չորս թավջութակի համար գրված ստեղծագորցության (Suite pour quatre violoncelles, op. 95) առաջին ունկնդրությունը։
Իսկ 1912-ի մայիս 23-ին, կայանում է Ժան Հյուռեի (Jean Huré), դաշնամուրային Հնգյակի (Quintette pour cordes et piano) առաջին կատարումը Ջորջե Էնեսկուի (ջութակ), Ռոբերտ Կրետլիի (ջութակ), Դռուեի (ալտ/ջութ), Տիրան Ալեքսանյանի (թավջութակ) և Անդրէ Ժելէի (դաշնամուր) մասնակցությամբ։
1920 ապրիլ 18
համերգի պաստառը

Տիրան Ալեքսանյանին նվիրված 
Ժան Հյուռեի երրոդ Սոնատի
առաջին էջը

Նույն Ժան Հյուռեի, թավջութակի և դաշնամուրի համար գրված և իրեն նվիրված երրորդ, ֆա դիեզ մաժոր Սոնատը, հեղինակի դաշնամուրային մասնակցությամբ, Տիրան Ալեքսանյանը կատարում է 1920-ի ապրիլ 18-ին կայացած համերգի ընթացքին, որտեղ նա հանդես է գալիս նաև Յոհան Սեբաստիան Բախի մենանվագող թավջութակի համար գրված Չորրորդ սուիտի, ինչպես նաև Ջորջե Էնեսկուի, թավջութակի եւ նվագախմբի համար, op. 8 Sinfonia Concertante ստեղծագործության կատարմամբ, իր կողքին, դաշնամուրի մոտ ունենալով հեղինակին, Ջորջե Էնեսկուին։

***


Տիրան Ալեքսանյան և Պաբլո Կազալս
զրուցի պահին (1949)
Թավջութակի համար գրված իր մի ստեղծագործությունը խմբագրելու խնդրանքով Տիրան Ալեքսանյանին է դիմում իտալացի երաժշտահան և դաշնակահար Ալֆրեդո Կազելլան։ Հմուտ կերպով կատարված խմբագրությունը գրավում է Պաբլո Կազալսի ուշադրությունը արժանանալով նրա բարձր գնահատության։ Հետաքրքրված լինելով հեղինակի ինքնությամբ ցանկանում ծանոթանալ նրա հետ, որտեղից էլ սկսվում է Ալեքսանյանի և Կազալսի ավելի քան կես դար տևող բարեկամությունը և համագործակցությունը։  
Կազալսը անչափ բարձր էր գնահատում Ալեքսանյան կատարողին, հաճախ նշելով իրենց երկուսի, կատարողական արվեստի զանազան խնդիրների հանդեպ ունեցած մոտեցումների ընդհանրությունը։





— Բացառիկ մարդ հանդիսացող Ալեքսանյանը և ես, — մի առիթով ասել է Կազալսը, — տարիներ ի վեր քննարկում ենք թավջութակի եւ ընդհանրապես մեկնաբանման հետ կապված հարցեր։ Զրույցներս նրա հետ միշտ էլ խթան են եղել ինձ համար։

***




25 դեկտեմբեր 1923-ի համերգի մասնակիցները
Մեջտեղում նստած ՝ Սերգեյ Լյապունով,
իր ձախին ՝ Տիրան Ալեքսանյան
Ալեքսանյանը շփումներ և համատեղ ելույթներ է ունեցել նաև ռուս երաժիշտների հետ։

1923-ի փետրվարի 17-ին և 19-ին, Բարսելոնայում կայացած երկու համերգներում նա հանդես է եկել Սերգեյ Պրոկոֆևի հետ (յուրաքանչյուրն առանձին բաժնով)։

Իսկ, նույն տարվա դեկտեմբեր 25-ին իր մասնակցությունն է բերել Սերգեյ Լյապունովի փարիզյան հեղինակային համերգին, նրա Սեքստետում (sextuor) հանդես գալով որպես թավջութակահար։



***

Տիրան Ալեքսանյան
Քսաներորդ դարի 20, 30-ական թվականների ֆրանսիական և ընդհարապես եվրոպական մամուլում կան բավականին թվով հոդված-անդրադարձներ Ալեքսանյան թե՛ թավջութակահարի և թե նվագավարի ելույթների մասին։ Նրանցում արծարծված են երաժիշտ-կատարողի բարձր հատկանիշները։ Հատուկ կերպով նշվում է կատարաողական իր ոճում արտաքին էֆեկտների բացակայությունը։

Փարիզյան իր կյանքի առաջին իսկ օրերից Տիրան Ալեքսանյանը ներգրավվում է գիր-գրականության և, մասնավորապես փիլիսոփայության աշխարհ, չնայած այն բանին որ արդեն ապրում էր ծավալուն ու հագեցված երաժշտական կյանքով։
Փայլուն գրչի տեր Տիրան Ալեքսանյանի ստորագրությամբ բազում հոդվածներ են լուս տեսնում նշված ժամանակաշրջանի  փարիզյան պարբերականներում, մասնավորապես «Le Monde Musical»-ում. հոդվածներ նվիրված Կազալսին, համերգների գրախոսականներ, ընդ որում ՝ Ֆուրտվենգլերի և Տոսկանինիի, ինչպես նաև տարբեր բնույթի բանավեճ-հոդվածներ։ 1918-ի ապրիլին լույս է տեսնում Ալեքսանյանի գրություն-դամբանականը Կլոդ Դեբյուսիի մահվան կապակցությամբ։
Իսկ Ալեքսանյանի հանդիպումը և պարապմունքները Անրի Բերգսոնի (Henri Bergson, 1859-1941), հետագային՝ 1927-ին Նոբելյան գրականության դափնեկրի հետ, վճռորոշ դեր խաղացին նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման և զարգացման գործում։







20, 30-ական թվականներին Տիրան Ալեքսանյանը բնակվել է Փարիզի 17-րդ շրջանի, 12 rue Faradey հասցեին
գտնվող այս շենքում։








***

Ecole Normale de Musique
Տիրան Ալեքսանյանի ուսուցչական գործունեությունը Փարիզում կապված է եղել հիմնականում Ecole Normale de Musique-ի հետ, որտեղ նա հրավիրել է Պաբլո Կազալսի առաջարկով և գլխավորել թավջութակի դասարանը, միաժամանակ վարելով նվագախմբային (classe dorchestre),  նվագավարական (classe de direction dorchestre), ինչպես նաև սենյակային երաժշտության (classe de musique de chambre) դասարանները։




***

Թավջութակի դասավանդման
ձեռնարկ
Բախի, թավջութակի
6 Շարանվագները
29 տարեկանին Տիրան Ալեքսանյանը ձեռնամուխ է լինում մի աշխատության, թավջութակի դասավանդման ձեռնարկի ստեղծման։ Չորս տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում, 1914-ին ավարտին է հասնում Տիրան Ալեքսանյանի ծանրակշիռ ձեռնարկը, որը Պաբլո Կազալսը անվանում է «թավջութակային արվեստի բառարան»։ Մինչ օրս էլ համբավավոր երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) ձեռնարկը որը լույս է տեսել 1922-ին, փարիզյան «Mathot», հետագային «Salabert» հրատարակչությունում, Պաբլո Կազալսի առաջաբանով, լայն գործածում ունի ուսումնական կյանքում։

Տիրան Ալեքսանյանի, կարևորությամբ ոչ պակաս աշխատություններից է նաև Բախի, մենանվագող թավջութակի համար գրված 6 Շարանվագների (Six Suites pou violoncelle seul de J.S. Bach) ամբողջական, վերլուծական խմբագրությունը (1929), որը, ի տարբերություն գոյություն ունեցող բոլոր այլ խմբագրությունների, պարոնակում է Ալեքսանյանի անձնական հավաքածոյին  մաս կազմող սույն գործի բնօրինակի պատճեն, գրված Բախի երկրորդ կնոջ՝ Աննա Մագդալենա Վիլկե-Բախի ձեռամբ։


Ձախին ՝
սույն գործի բնագրի
1-ին էջը
Աննա Մագդալենաի ձեռագրով.





Աջին՝
նույնը հատվածը 
Տիրան Ալեքսանյանի խմբագրությամբ։



***

Հայկական Փոքրիկ Շարանվագ

Տիրան Ալեքսանյանը հեղինակն է որոշակի թվով երաժշտական ստեղծագործությունների։ Այդ ասպարեզում նա իր առաջին փոձերն է կատարել դեռևս Դրեզդենում ուսանելու տարիներին, որտեղ տեղի բողոքական եկեղեցու երգչախմբը մեկնաբանել է իր բազմաձայն երկերից ոմանք։
Նրա ստեղծագործություններում նկատելի է հետաքրքրությունը ժողովրդական և եկեղեցական հին մեղեդիների հանդեպ։ 
Լարային նվագախմբի համար գրված «Հայկական փոքրիկ շարանվագ» (Petite Suite Arménienne) քառամաս ստերղծագործությունըկազմված եկեղեցական «Խորհուրդ խորին», ժողովրդական «Օրօր», «Ալագյազ» և «Հով արեք» երգերի գործիքային մշակումներից, առաջին անգամ կատարվել է Արշակ Չոպանյանի հոբելյանի առիթով Փարիզի Գավո դահլիճում։
Տիրան Ալեքսայանի ոչ հայկական գործերից են նրա, ձայնի և դաշնամուրի համար գրված երկու երգը Կամիլ Մոկլեռի բանաստեղծությունների հիման վրա, «Deux Poèmes» de Camille Mauclair, 1919, Ed. Mathot,
Երգ ձայնի և դաշնամուրի համար Ալբեր Սամենի բառերով, «Soir, les roses dans la coupe» d'Albert Samain, 1918, Ed. Ricordi։
Նրա ստեղծագործությունների ցանկում է նաև դաշնամուրի և լարայինների համար գրված մի հնգյակ-կվինտետ,
Թավջութակի և դաշնամուրի համար «Արիա» և «Պաստորալ», Բախի «Ծննդյան օրատորիա»-ից, 1904, Փարիզ, ինչպես նաև «Օրորոցային», 1923, Փարիզ։


Իսկ Ալեքսանյանի ամերիկյան շրջանի աշակերտներից Դէյվիդ Բլյումի «The Art of Quartet playing» գրքի 166 էջում տեղ է գրավել հետևյալ հետաքրքիր վկայությունը Ալեքսանյան–դաշնակահարի մասին,  
— «He (D.A.) could play almost any opera score on the piano from memory».
— Նա ի վիճակի էր դաշնամուրի վրա հիշողությամբ (անգիր) կատարել համարյա բոլոր օպերաները։

***


Դեռևս քսանական թվականներին Տիրան Ալեքսանյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների երաժշտական շրջանակներից հրավեր է ստանում թավջութակի իր դպրոցը այնտել հիմնելու առաջարկությամբ, սակայն, միայն 1937-ին է կարողանում դրական պատասխան տալ։
1937-ի ամռան վերջավորության, նրա Միացյալ Նահանգներ մեկնելու առիթով, Փարիզի Ecole Normalede Musique-ը համերգ է կազմակերպում իր պատվին որում հնչում են Գ.Ֆորեի երկրորդ քառյակը, Շուբերտի երկու թավջութակով հնգյակը, և Շումանի քառյակը, Palenicek, Figueroa եղբայրների, Blanpain Reculard և Noordhof-ի փայլուն կատարմամբ։
Ալֆրեդ Կորտո (1877-1962)
Միացյալ Նահանգներ մեկնելու առիթով
«Le Monde Musical»-ում (1937 6/7)
Ալեքսանյանին նվիրված էջը

Նույն երեկոյին, հրաժեշտի իր խոսքում Ալֆրեդ Կորտոն ասում է.
— Այս պահը երբ մենք, թեկուզ ժամանակավորապես, պիտի հրաժեշտ տանք Ալեքսանյանին, այս դպրոցում, որի հիմնադիրներից է նա, եւ որտեղ բացառիկ ուժով փայլատակել է մանկավարժի իր տաղանդը, իրապես ափսոսանքի պահ է բոլորիս համար։
Ես քաջ գիտեմ, որ մենք բավականաչափ սիրած չեինք լինի նրան, եթե խնդրեինք հրաժարվել այն գրավիչ առաջարկից, որ եկել է նրան մեզնից խլող Միացյալ Նահանգներից։
Ես գիտեմ, որ մեր կապվածությունը նրան եսասիրության ձև կընդուներ, եթե մենք պնդեինք որ նա մնա։ Ուրեմն, թող գնա Ֆրանսիաի անունից, որի մանկավարժական միտումները ներկայացնում է այդչափ արժանապատվորեն, և իր մեթոդի գերազանցությամբ թող բարձրացնի նաև մեր ազգային ուսումնաոճը բարեկամ մեծ երկրում, որտեղ իր հռչակն անցել է իրենից շատ առաջ և ուր իրեն սպասում է աննախադեպ հաջողությունը։
Ես կկամենայի իր ուսանողների, դպրոցի բարեկամների անունից, նաև իմ, որն իրեն պարտական է այդքան ժամերի անգնահատելի համագործակցությամբ ասել նրան, նախքան, որ նա կթողնի տունը որը լեցուն է իր ազդեցությամբ, որ անհնար է մոռանալ նման մեծ արվեստագետի, որը շուրջ քսան տարի այդքան ջերմություն ու նվիրում է ցուցաբերել: 
Այն, ինչն իր դասավանդումն էր՝ Գեղեցիկը երաժշտության մեջ պայմանավորող հոգեբանական եւ ֆիզիոլոգիական տարրերի համբերատար հետազոտումը, տարիների փորձարության արդյունքում բերեց եզրահանգումների որոնք ոչ միայն ի մի բերեցին կատարված հսկայական աշխատանքը այլև հաստատեցին վերջինիս անանցանելի արժեքն ու նշանակությունը։
Երջանիկ պիտի լինեն ամերիկացի երիտասարդ երաժիշտները, որոնք կկարողանան ճիշտ ձևով օգտվել նման դասավանդումից։
Իրենց հանդեպ ներկայացվող բարձր պահանջների կողքին նրանք կգտնեն նաև արվեստի, հուզիչ եւ զարմանահրաշ գաղտնիքները  թափանցելու առավել արդյունավետ միջոցը։

***


Peabody Institut
Manhattan School of Music

Բալթիմորի «Peabody Institut» և Նյու-Յորքի «Manhattan School of Music» հաստատություններում Տիրան Ալեքսանյանի վարած տասնյոթամյա գործունեության վերաբերյալ բավարար

տեղեկություններ չկարողացանք ունենալ։    
Այդ հաստատությունների դիվաններին մեր ուղղած դիմումները դեռևս սպասում են իրենց պատասխաններին։

***

Տիրան Ալեքսանյանը իր մահկանացուն կնքեց 1954-ի Հունիս 27-ին,
Ֆրանսիայում համերգային շրջագայություն կատարելու ընթացքում։



Նրա վերջին հանգրվանը Մոնբլան լեռան ստորոտին գտնվող Շամոնի քաղաքի գերեզմանատան մեջ։


***



Տիրան Ալեքսանյանը՝ կենդրոնում.
իր աջին՝ Հանրի Հոնեգգերը
1927/28, Շամոնի
Անտոնիո Յանիգռոի
հետ, 1930, Շամոնի


Իր աշակերտների հետ սույն լուսանկարները վկայում են Տիրան Ալեքսանյանի կապվածությունը այս, Փարիզից բավական հեռու գտնվող Շամոնի քաղաքին, որտեղ նա սիրում էր անցկացնել ամառային արձակուրդները։


***

Տիրան Ալեքսանյանի դասընթացներին հետևած կամ իր խորհուրդներից օգտված համաշխարհային հռչակ վաելող երաժիշտների անուններից կազմված մի փունջ։


Մորիս Այզենբերգ (1900-1972)
Վիլլեմ վան դեն Բուրգ (1901-1992)
Էմանուել Ֆոյերման (1902-1942)
Գրիգորի Պյատիգորսկի (1903-1976)
Հանրի Հոնեգգեր (1904-1992)
Հերբերտ դե Կաստրո (1905-1969)
Ռուդոլֆ Մեցմախեր (1906-2004)
Պիեռ Ֆուռնիե (1906-1986)
Ռայա Գառբուզովա (1906-1997)
Էվա Հայնից (1907-2001)
Լյերկո Շպիլլեռ (1908-2008)
Հառվի Շապիռո (1911-2007)
Ֆրից Մագ (1914-1997)
Բեռնառդ Գրինհաուս (1916-2011)
Հիդայաթ Ինայաթ Խան (1917)
Դինու Լիպատի (1917-1950)
Անտոնիո Յանիգռո (1918-1989)
Դեյվիդ Սոյեռ (1923-2010)
Ջորջ Ռիչչի (1923-2010)
Օլիվյե Կոլբենտսոն (1927-2013)
Ջոն Սան’Ամբրոջո (1932)
Դեյվիդ Բլյում (1935-1998)




Տիրան Ալեքսանյանի
մահվան գուժը հաղորդող
"New York Times" թերթի հոդվածը
(4 Հուլիս 1954)։















Aucun commentaire:

Enregistrer un commentaire